Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը:
Նիստը դռնփակ է: Դատարանում է նաեւ Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ:
Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
Խոսքը ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է: