«Ինձ քննադատում են իմ արտահայտած կարծիքների համար, բայց ես համամիտ չեմ շատ հարցերում մեր ավագ սերնդի հետ». Մարիամ Փաշինյան

Այսօր Գյումրիում մեկնարկած HIGH-TECH 2019 երրորդ համաժողովին ներկա էր ու որպես խոսնակ ելույթ է ունեցել նաև վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում երիտասարդները դեռ շարունակում են քննադատության ենթարկվել ավագ սերնդի կողմից, ինչը հատկապես նկատելի է մարզերում: Ըստ Մարիամի՝ ինքն այսօր էլ շարունակում է քննադատության ենթարկվել այս կամ այն թեմայի շուրջ իր հայտնած կարծիքների համար, ինչն իրեն ու իր նման նախաձեռնող շատ երիտասարդների դուր չի գալիս:

«Ես դա ամեն օր եմ զգում, ինձ իմ հայտնած կարծիքների համար քննադատում են, հոդվածներ գրում: Բայց ես համամիտ չեմ շատ հարցերում մեր ավագ սերնդի հետ, ես վստահում եմ մեր երիտասարդների մտքի ճկունությանը, աշխատասիրությանն ու, ինչու չէ, նաև խորամանկությանը: Ավագ սերունդը վատ է վերաբերվում այն նախաձեռնություններին, որն ունենում են երիտասարդները»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Մարիամ Փաշինյանը:

Մարիամն ասում է, որ իր ունակություններն ու հնարավորությունները ներդրել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ընդլայնելու և Աշտարակում նոր կենտրոն  հիմելու գործում, իսկ այդ հարցում նրան շատ են օգնում Տարտուի համալսարանում ստացած գիտելիքները, ինչի շնորհիվ, ըստ Մարիամի, հնարավոր է հասնել ավելիին:

«Շատ գայթակղիչ է, երբ գնում ես արտերկիր, գայթակղիչ է էնտեղ մնալը, որովհետև ամեն ինչ ավելի հեշտ է էնտեղ: Ինձ մոտ միանշանակ որոշված էր, որ ես կգնամ, էնտեղից կքաղեմ ամենապետքական, ամենաօգտակար գիտելիքները և կգամ հետ Հայաստան, ու հիմա Հայաստանում ես իմ կրթությունը երբեք չեմ փոխի ոչնչի հետ, որովհետև դրանով հնարավոր է ուղղակի հրաշքներ գործել, թեկուզ էն փաստը, որ ես ներգրավված եմ այս մեծ նախագծում, իմ գիտելիքների շնորհիվ է, որ ես ստացել եմ Տարտուի համալսարանում»,- նշել է Մարիամը:

Ըստ Մարիամի՝ հիմա փորձում են մշակել նոր ծրագրեր հայ երիտասարդների արտասահմանյան հեղինակավոր բուհեր ուղարկելու համար, բայց պայմանով, որ հետ կվերադառնան և միջազգային փորձը կկիրառեն հայրենիքում՝ տարբեր ոլորտներում:

Մարիամը նաև գտնում է, որ հարկավոր է կրթության որակը մեր երկրում բարձրացնել, ստեղծել նոր մեթոդներ, ներդնել նորը, բայց ոչ եվրոպականը:

«Ոչ թե պետք է հավասարվել միջազգային ստանդարտներին, այլ պետք է պարզապես մշակել հայկական կրթության իդեալական մոդելը, ոչ թե ասեն՝ բրիտանական կրթությունից եկեք օրինակ վերցնենք, այլ ասեն՝ եկեք հայկական կրթության մոդելը բերենք Հայաստանից: Ես ասում եմ, որ պետք է շատ աշխատանք տանել մեր երկրին համապատասխան կրթական մոդելը զարգացնելու համար»,- իր տեսակետն է հայտնել Մարիամ Փաշինյանը:

Իսկ տեղեկատվական ոլորտում կանանց ներգրավվածության մասին խոսելիս Մարիամը նշել է, որ հայ կանայք նախաձեռնող են, ու կարող են իրենց դրսևորել ցանկացած բնագավառում:

Ճիշտ է, հիմա ունենք մեկ կին նախարար և պատգամավորներից 30-ից ավելին են կանայք,բայց շատ աշխատելու և նպատակ ունենալու դեպքում, ըստ Մարիամի, բոլորն էլ կարող են հասնել հաջողության:

«Ամեն ինչ կախված է, թե մարդ ինչպես կկառավարի իր ժամանակը, ինչպես կօգտագործի իր էներգիան և ռեսուրսները: Կյանքում բոլոր բնագավառներում հաջողություն ունենալու համար կարևոր է ալարկոտ չլինել և աշխատասեր լինել, որովհետև, երբ դու ալարում ես վեր կենալ և տնից դուրս գալ քո գործերով, արդեն խնդիր է»,- նշել է Մարիամը:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ