«Ո՛չ մոլորվել էինք, ո՛չ կորել․ ուղղաթիռը տեսանք, հասկացանք՝ Երևանում խուճապ է»․ արշավական

Նոյեմբերի 21-ին ԱԻՆ-ը լուր տարածեց՝ Աժդահակ և Սպիտակասար լեռների արանքում քաղաքացի է կորել, որին ուղղաթիռով փնտրում են։ «Մոլորվածներից» մեկը «Խարույկ» արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանն էր, որը  վստահեցրեց՝ ինքն ու ընկերը ո՛չ կորել էին, ո՛չ էլ մոլորվել․ տեղանքին շատ լավ են ծանոթ։

«Ապատեղեկատվություն է տարածվել, մենք այդ տեղանքում շատ են եղել, ճանապարհը շատ լավ գիտենք։ Մեքենայով էինք գնացել, ճանապարհին ձյուն կար, որը փոսը ծածկել էր, չէր երևում։ ժամը մոտավորապես 16։30 էր, որ մեքենայի անիվը հայտնվեց փոսում։ Մենք այդ պահին կա՛մ պետք է ոտքով հետ վերադառնայինք, քանի որ արևային լույսին մնացել էր 1-ից 1,5 ժամ, կա՛մ մեքենան դուրս բերեինք փոսից։ Որոշեցինք ձեռքի տակ եղած տեխնիկայով բարձրացնել մեքենան փոսից, բայց չստացվեց»,-ասաց նա։

Գեղամ Օհանյանը նշեց, որ իրենք ստիպված մեքենայի մեջ են գիշերել, քանի որ ոտքով վերադառնալը վտանգավոր էր․ տարածքում արջեր և գայլեր են հանդիպում, որոնք հենց երեկոյան են դուրս գալիս որսի։

«Կապ չկար, որ զանգեինք որևէ մեկին և զգուշացնեինք։ Բայց առավոտյան հենց լույսը բացվեց, բարձրացել ենք մոտակա բլուրը և զանգել։ Կնոջս հետ խոսեցի և հասկացա, որ Երևանում բոլորը խուճապի մեջ են, զանգել են ԱԻՆ, և մեզ ուղղաթիռ է որոնում։ Քիչ հետո նկատեցինք ուղղաթիռը, ձայնային ազդանշան արեցինք։ Ուղղաթիռով վերադարձանք, բայց հետո մեծ մեքենայով գնացինք ու մեքենան դուրս հանեցինք փոսից»,-պատմեց նա։

Գեղամ Օհանյանը նաև նշեց, որ եթե ուղղաթիռը չգար, իրենք մոտ 3 ժամում ոտքով հասնելու էին Գեղարդ, և աղմուկ չէր բարձրանա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասում քաղաքացիներ են կորել։ Նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:53-ին, փրկարարաներին հաջողվել էր գտնել նրանց: Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ ուղղաթիռով վայրէջք էին կատարել ԱԻՆ շարահրապարակում:

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ